BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Էմանուել Մակրոն. Մարդիկ առաջ են շարժվում շնորհիվ մեծ գաղափարների

Էմանուել Մակրոն. Մարդիկ առաջ են շարժվում շնորհիվ մեծ գաղափարների
16.11.2017 | 11:33

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ВВС-ին տված հարցազրույցում ասել է, որ թեպետ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը արևմտյան արժեքներին, բացությանն ու տոլերանտությանը սպառնալիք են, Եվրոպայի երկրները չպետք է նրանց մեկուսացնեն միջազգային ասպարեզում` դա հակաարդյունավետ է: «Եթե դուք վճռեք պարզապես նրանց Եվրոպայից վանել, ասել. «Դուք դավաճանում եք մեր արժեքներին, դա վատ է», կկորցնեք նրանց»` ասել է Մակրոնը: Շատերը համարում են, որ ԱՄՆ ու ՌԴ նախագահները ազատական արժեքների դեմ են: Մեկ օր առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Լոնդոնից կատաղի քննադատել էր Ռուսաստանը: Լոնդոնի Սիթիի լորդ քաղաքապետի բանկետում Մեյը հեռակա դիմել էր Պուտինին` առաջարկելով ընտրել Ռուսաստանի զարգացման այլ ճանապարհ և դադարեցնել միջամտությունը արևմտյան երկրների ներքին գործերին, առավել ևս, որ դա ապարդյուն է:

«Մենք գիտենք` ինչի եք ձգտում, ոչնչի չեք հասնի: Որովհետև Դուք թերագնահատում եք մեր ժողովրդավարությունը, ազատ ու բաց հասարակությունների անդառնալի գրավչությունը և արևմտյան երկրների հակվածությունն այն ալյանսներին, որ մեզ կապում են»` ասել էր Թերեզա Մեյը: Ֆրանսիայի նախագահի կարծիքը Բրիտանիայի վարչապետի խոսքերի հետ համահունչ է, բայց նա այլ շեշտադրում ունի: Արևմուտքը սխալվել է` մոռանալով իր գաղափարական հիմքերը, նույնականությունն ու արժեքները` ասել է Մակրոնը ВВС-ին Աբու Դաբիում տված հարցազրույցում, որտեղ մասնակցում էր Լուվրի մասնաճյուղի բացմանը: Նա վստահ է, որ Ֆրանսիայի դերը միջազգային ասպարեզում այդ արժեքները պաշտպանելն է: «Մեզ պետք է աշխարհի ընդհանուր պատկեր, ընդհանուր նպատակներ, ընդհանուր երազներ»` հավելել է Մակրոնը: «Վերջին 10 տարիներին արևմտյան հասարակության ու երկրների գլխավոր խնդիրներից մեկը դարձել է մեր երազները, ամբիցիաները, ռազմավարական տեսլականները մոռանալը: Մեզ երազներ են պետք, մեր երիտասարդները պետք է ապագայի տեսլական ունենան»: «Ոչ ոք չի ոգևորվում միասնական շուկայով, ֆինանսական շուկաներով, աշխատանքային իրավունքի բարեփոխումներով կամ բյուջետային հեռանկարներով: Այդպես չի լինում, եթե գիտեք այդպիսի մարդու, նրա համար պետք է անհանգստանալ»` շարունակել է նա. «Մարդիկ առաջ են շարժվում շնորհիվ մեծ գաղափարների»: Ֆրանսիայի նախագահի խոսքով` Վլադիմիր Պուտինի պես նախագահներն ընտրում են այլ, ոչ արևմտյան ճանապարհ վախից:

«Այդ տարակարծությունները շատ հաճախ բացատրվում են սպառնալիքի մտագարությամբ, պաշտպանելու ցանկությամբ: Նրանք սկսում են ինչ-որ պատճառով խիստ նյարդայնանալ: Բայց նրանք մոռանում են փաստը, որ իրենց սեփական քաղաքակրթությունը կառուցված է հարգանքի վրա նրանց նկատմամբ, ովքեր իրենցից տարբերվում են»: «Այդ ղեկավարների հետ նախ և առաջ պետք է խոսել: Երբեմն նրանք կարող են փոխվել: Ի սկզբանե նրանք այդպիսին չեն եղել»: Հարցին` իրեն հաջողվե՞լ է ինչ-որ հարցում տարհամոզել նախագահներ Պուտինին ու Թրամփին, Մակրոնը պատասխանել է. «Դա մեկ օրում չի լինում, իհարկե: Բայց ես լավատեսորեն ու չափազանց վճռական եմ տրամադրված»: Միջազգային ասպարեզում Փարիզի դերի մասին Մակրոնն ասել է. «Ֆրանսիայի գլխավոր խնդիրը հիմա Եվրոպայի վերափոխումը սկսելն է: Երկրորդ` Ֆրանսիան պետք է պաշտպանի իր արժեքներն ու շահերը, որովհետև խիստ փոխշաղկապված են: Պաշտպանել բացությունը, տոլերանտությունն ու ազատությունը` իբրև արժեք»:
Լյուսի ՎԻԼՅԱՄՍՈՆ, ВВС


Հ.Գ. Պատահական չէ, որ Եվրոպայի հեղափոխությունները Ֆրանսիայից են սկսվել և վիճակագրական տվյալներից դատելով` բոլորովին էլ ոչ այն ժամանակներում, երբ երկիրը ֆինանսական ու տնտեսական ճգնաժամում է եղել: Իդեալի, երազի ու հեռանկարի անհրաժեշտության մասին Ֆրանսիայի նախագահի խոսքը հատկապես վերաբերում է և մեզ: Մարդուն հեռանկար է պետք: Ավելի ու ավելի հարուստ լինելը իդեալ չէ: Երջանկության համար փող է պետք, բայց փողը երջանկություն չի բերում: Հանդուրժողականությունը, ազատությունն ու բացությունը երկսայր արժեքներ են, միայն հեռանկարի ու իդեալի պարագայում են դառնում հավասարակշռված: Եվ այդտեղ է սկսվում մշակույթի անվերջանալի կայսրությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ